Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Անկում և վերելք

Անկում և վերելք
29.06.2025 | 11:16

Ամենազարհուրելին, որ անցած օրերին հայտնաբերեցի ինձ համար, եղավ էն, որ ավելի քան 1700-ամյա քրիստոնյա Հայաստանում դեռեւս էսքան շատ են աթեիստներն ու հակաքրիստոնյաները: Հենց վերջիններս են Հայոց Եկեղեցու, հոգեւորականության, հայկական արժեքների դեմ անառակ ու խայտառակ արշավի սանձազերծողներն ու ձայնարկուները:

Իշխանության պարագլուխն ու նրա կամակատարները էդ խավի ցայտուն ներկայացուցիչներն են, եւ նրանք, երեւի, ավելի շուտ են նկատել, որ մեր երկրում անհավատ մարդիկ շատ կան եւ կարելի է օգտագործել նրանց մութ էներգիան:

Հետահայաց մի փոքրիկ դիտարկում անեմ. խորհրդային տարիներին, 1930-ից ի մինչեւ 1980-ականների վերջը Արցախում ոչ մի եկեղեցի չէր գործում, ի տարբերություն Հայաստանի: Էդ տարներին արցախյան մի սրբավայրում անգամ հոգեւոր ծառայություն չէր մատուցվում: Եվ դա ուներ շատ պարզ բացատրություն. ադրբեջանական իշխանությունները կտրականապես արգելել էին հայկական եկեղեցիների ու վանքերի գործունեությունը երկրամասում: Թվում էր՝ արցախցիներն անվերադարձ երես են թեքել Աստծուց, բայց՝ ոչ: 1989-ին հայտնվեց Պարգեւ Սրբազանը եւ Մայր Աթոռի անմիջական օժանդակությամբ վերաբացեց Արցախի թեմը. մարդիկ կրկին տոգորվեցին իրենց քրիստոնեական հավատքով եւ էդ հոգեւոր ուժով մասնակիցը դարձան ազգային-ազատագրական հաղթական պատերազմին:

Հավատքի տարածվածության ու հավատարմության դիտանկյունից տեսանելի էր, որ Արցախը զգալիորեն ետ էր մնացել Հայաստանից: Հիմա նույնը պնդել չես կարող. արցախցի քրիստոնյաները ամրապնդվել են իրենց ավանդական հավատքի մեջ եւ նրանք, Հայաստանում գտնվելով, ներգրավված չեն հակահոգեւոր, այսինքն՝ հակահայաստանյան ընթացիկ գարշելի ձեռնարկներում: Նման օրինակներ, բարեբախտաբար, չեն նկատվել:

Հայաստանի կառավարիչների գործած բազմաթիվ կոպիտ, ուղղակի ճակատագրական սխալներից մեկն էն է, որ նրանք փորձում են խորացնել հոգեւոր անկումը Հայաստանում՝ իշխանական, հակազգային ու հակապետական հարցերն իրենց օգտին լուծելու մարմաջով: Դրա դեմն առնելը չափազանց իրատեսական է էս պահին եւս. վկան՝ մեր պատվարժան հոգեւորականներն ու հայ հավատավոր հազարավոր մարդիկ, որոնք պատրաստ են կրծքով պաշտպանելու իրենց հոգեւոր օջախներն ու նվիրյալներին:

Հայաստանում հիմա որքան կա հոգեւոր անկում, կարծում եմ՝ առավել առկա է հոգեւոր վերելքը, եւ հենց էդ թափով է կրկին լուսավորվելու քրիստոնյա Հայաստանը՝ իր բոլոր գործող ու վերստին գործելիք եկեղեցիներով:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 144

Մեկնաբանություններ